Գևորգ Ախվերդյան
Գևորգ Ախվերդյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 5, 1818[1][2] Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | նոյեմբերի 17, 1861[1][2] (43 տարեկան) Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] |
Գերեզման | Խոջիվանք |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | տնտեսագետ, բանասեր, հասարակական գործիչ և բժիշկ |
Ալմա մատեր | Լազարյան ճեմարան (1834)[1] և Մոսկվայի կայսերական համալսարան[1] |
Տիրապետում է լեզուներին | հայերեն[3] |
Գևորգ Ախվերդյան (հունիսի 5, 1818[1][2], Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - նոյեմբերի 17, 1861[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2])[4], հայ բանասեր, բժիշկ, տնտեսագետ, հասարակական գործիչ։ Սայաթ Նովայի երգերի հայտնաբերողը, հրատարակիչն ու առաջին մեկնաբանը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հունիսի 5-ին, Թիֆլիսում, զինվորականի ընտանիքում։ Ավարտել է Լազարյան ճեմարանը 1834 թվականին և Մոսկվայի համալսարանի բժշկական բաժինը 1839 թվականին։ Դեռևս համալսարանի երկրորդ կուրսում գրած ռեֆերատի համար Ախվերդյանը հանդիսավոր պայմաններում ստացել է ավարտական կուրսի առաջադեմ ուսանողների համար նախատեսված մրցանակը՝ ոսկե մեդալը։ Եղել է զինվորական բժիշկ Կովկասում 1839-1842 թվականներին, հետո՝ ռազմական մինիստր Չերնիշևի անձնական բժիշկը՝ Պետերբուրգում։ 1846 թվականից Թիֆլիսում փոխարքայի գրասենյակի պաշտոնյա էր, ապա՝ կարանտինամաքսային գործերի ավագ աստիճանավոր։ Ստացել է գեներալի կոչում։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնագիտությանը զուգընթաց Ախվերդյանը ծավալել է գրական-հասարակական բազմակողմանի գործունեություն, զբաղվել բանասիրությամբ, բարբառագիտությամբ, պատմության հարցերով։ Հայ բանասիրությունը Ախվերդյանին է պարտական Գահնամակի հայտնաբերման համար։ Մասնակցել է Կովկասյան երկրամասի ոսկու արդյունահանման նախագծի մշակմանը, ղեկավարել Կովկասյան ուսումնական օկրուգի դասագրքեր հաստատող կոմիտեի հայոց լեզվի բաժինը։
Հանդես է եկել նաև համքարային կազմակերպությունների պաշտպանությամբ, գրել ուսումնասիրություն Թիֆլիսի համքարությունների մասին։ Ախվերդյանը հետաքրքրվել է հայ ժողովրդական բանահյուսությամբ, հավաքել հայ աշուղների ստեղծագործությունները՝ հրատարակելու մտադրությամբ։ Բժիշկ Հովհաննես Փանդայանի մոտ հայտնաբերել է Սայաթ Նովայի «Դավթար»-ը և ամբողջ եռանդով նվիրվել դրա վերծանմանը, ապա՝ հրատարակմանը։ «Դավթար»-ում նա գտել է 114 ադրբեջաներեն երգ՝ գրված հայկական տառերով, 46 հայերեն երգ՝ վրացական տառերով և մի քանի վրացերեն երգեր։
Հայերեն երգերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերծանել է հայերեն երգերը, դրանց գրառման համար մշակել հնչյունային տառադարձման հատուկ համակարգ։ Ախվերդյանի՝ Սայաթ Նովային նվիրված գիրքը («Գուսանք», հ. 1) լույս է տեսել Մոսկվայում, 1852 թվականին։ Երգերի հրատարակությանը Ախվերդյանը կցել է առանձնակի ուսումնասիրություն Թիֆլիսի բարբառի մասին՝ փաստորեն հիմնադրելով հայ բարբառագիտությունը («Թիֆլիզու բարբառի մի քանի հատկություններու վրա»)։
Ախվերդյանը քննաբար ներկայացրել է այդ բարբառի ձևաբանական համակարգը, օրինակներով ցույց տվել գոյականների, դերանունների հոլովման և բայերի խոնարհման բնորոշ առանձնահատկությունները։ Երգերին կցած առաջաբանում շոշափել է դրանց ուղղագրությանը, գրաբարի և որոշ հայ բարբառների ծագմանը վերաբերող հարցեր։ Գիտական որոշակի արժեք ունեն հատկապես Սայաթ Նովայի երգերի ծանոթագրությունները, ուր Ախվերդյանը բացատրել է փոխառյալ և անհասկանալի բառերը, բարբառային հատուկ քերականական ձևերն ու իրողությունները։
Ախվերդյանի հավաքած հայ աշուղական երգերի 2-րդ հատորը («Գուսանք», համար 2) լույս է տեսել 1903 թվականին, Թիֆլիսում, նրա դստեր՝ Մանե Ախվերդյանի հրատարակությամբ։ Ախվերդյանի տպագրության է պատրաստել նաև Պետրոս դի Սարգիս Գիչանենցի օրագրերը՝ Ջուղայի բարբառի ուսումնասիրությամբ։
Գրել է «Նյութեր Վրաստանի պատմության համար՝ հայկական աղբյուրների հաղորդած տեղեկություններով» աշխատությունը (անտիպ), որը պահպանվում է Երևանի գրականության և արվեստի թանգարանում։
Մահացել է նոյեմբերի 17-ին, Թիֆլիսում։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սայաթ–Նովա, Մ., 1852 («Գուսանք», հ. 1)
- Հայ աշուղներ, Թ., 1903 («Գուսանք», հ. 2)
- Ժամանակագրություն Պետրոս դի Սարգիս Գիլանենցի, «Կռունկ Հայոց աշխարհին», 1863, № 2-3
- Тифлисские амкары, «Юридическое обозрение», 1882, № 78-83.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ «Zarkfoundation - Գևորգ Ախվերդյան». zarkfoundation.com.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ա. Ավետիսյան «Գևորգ Ախվերդյան» (Սայաթ-Նովայի ծննդյան 275-ամյակի առթիվ), պատմաբանասիրական հանդես №1, 1987, էջ 232-238
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 2014)։ |
- Հունիսի 5 ծնունդներ
- 1818 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 17 մահեր
- 1861 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Խոջիվանքի գերեզմանատանը թաղվածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Լազարյան ճեմարանի սաներ
- Հայ բանասերներ
- Հայ բժիշկներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ հրատարակիչներ
- Հայ տնտեսագետներ